Phone:
Loading
ՃՏՊ-ի վայրում գործողությունների կարգը սահմանված է Հայաստանի Ավտոապահովագրողների
Բյուրոյի (ՀԱԲ) կանոններով, քանի որ, ըստ Օրենսդրության, բոլոր ավտոսեփականատերերը պետք է
ունենան գործող ԱՊՊԱ պայմանագիր: ՃՏՊ տեղի ունենալու դեպքում գործողությունների ստանդարտ
կարգը հետևյալն է.
- Անմիջապես կանգնեցրեք տրանսպորտային միջոցը (ՏՄ), միացրեք վթարային լուսային ազդանշանը և
տեղադրեք «Վթարային կանգառ» ճանապարհային նշանը (բնակավայրերում ՏՄ-ից 15 մետր
հեռավորության վրա, իսկ բնակավայրերից դուրս՝ 30 մետր հեռավորության վրա):
- Զանգահարեք ճանապարհային ոստիկանություն (1-02 կամ 1-77):
- Մի՛ տեղաշարժեք տրանսպորտային միջոցը և պատահարի վայրում ոչնչի ձեռք մի' տվեք (վթարի հետ
կապված դետալներ, ապակե և պլաստմասսե բեկորներ և այլն) մինչև ճանապարհային ոստիկանության,
իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ապահովագրական ընկերության աշխատակցի ներկայացուցչի
ժամանումը։
- Տուժածներին Ձեր տրանսպորտային միջոցով հիվանդանոց փոխադրելու անհրաժեշտության դեպքում
նախապես՝ վկաների ներկայությամբ, լուսանկարեք վթարի պատկերը՝ տրանսպորտային միջոցների
փոխադարձ դիրքերը, վնասվածքները, հետքերը (արգելակային կամ կողասահքի հետքեր) և պատահարի հետ
կապված մյուս դետալները, ապակե և պլաստմասսե բեկորները և այլն։
- Պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 40 րոպեների ընթացքում, զանգահարեք Ձեր
ապահովագրական ընկերություն և ծանուցեք պատահարի տեղի ունենալու մասին՝ պատասխանելով
աշխատակցի հարցերին (պետք է զանգահարի պատահարին մասնակից յուրաքանչյուր տրանսպորտային
միջոցի վարորդ)։
- Անհրաժեշտ է կատարել ՃՈ աշխատակցի և ապահովագրական ընկերության ներկայացուցչի
հրահանգները։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն.
Դեպքի վայրում ՃՈ աշխատակցի կողմից կազմված նյութական վնասով ՃՏՊ-ի մասին արձանագրության
և ՃՏՊ վայրի սխեմայի տակ դրեք Ձեր ստորագրությունը միայն այն բանից հետո, երբ կհամոզվեք, որ
դրանք ճիշտ են լրացված, քանի որ Ձեր ստորագրությունը դնելով՝ Դուք արդեն իսկ Ձեր կողմից (մյուս
վարորդն էլ՝ իր կողմից) հաստատում եք այն մասին, որ դրանք ճիշտ են լրացված (հետագա խնդիրներից
խուսափելու համար):